ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի 67-ամյա Ջանեթ Յելենը: Յելենի թեկնածությունը պաշտպանել են 56 սենատորներ, դեմ են եղել 26-ը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վաշինգթոնյան բյուրոն:

Յելենը պատմության ընթացքում դարձել է ԱՄՆ-ում կենտրոնական բանկի դեր ունեցող Դաշնային պահուստային համակարգի առաջին կին ղեկավարը:

Յելենի թեկնածությունը, ով այժմ ԿԲ ղեկավարի տեղակալն է, անցյալ տարի նոյեմբերին առաջարկել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Փետրվարի 1-ին նա այդ պաշտոնում կփոխարինի Բեն Բերնանքեին: Յելենը համարվում է դրամավարկային «փափուկ» քաղաքականության կողմնակից, որը վարում էր ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը Բերնանքեի օրոք:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Յելենը ծնվել է 1946թ.-ին, Նյու-Յորքի Բրուքլինի շրջանում Աննա Բլումենթալի ու Ջուլուիս Յելլենի ընտանիքում: Ունի հրեական արմատներ, դավանում է հուդայականություն: 1967թ.-ին տնտեսագիտության բակալավրի աստիճանով ավարտել է Բրաունի համալսարանը: 1971թ.-ին Յելի համալսարանում դոկտորի աստիճան է ստացել: Ամուսինը ամերիկացի հայտնի տնտեսագետ Ջորջ Աքերլոֆն է՝ Քալիֆորնիայի համալսարանի պորֆեսոր, տնտեսագիտության Նոբելյան մրցանակի 2001թ.-ի դափնեկիր: