Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատի միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ԼՂ հարցում չպաշտպանի Ադրբեջանին: Այսօր` ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, ընդգծելով, որ պայմաններ դնողը պետք է Հայաստանը լինի, քանի որ զոհը մենք են: Նրա խոսքով, հայ-թուրքական գործընթացի արդյունքում «Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ, իսկ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ»:

Այնուհետեւ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 100 հազար հայերին Թուրքիայից արտաքսելու մասին հայտարարությանը, Այվազյանը նկատեց, որ հայկական կողմը դրան համարժեք պատասխան չտվեց: «Շատ կտրուկ պատասխան պետք է տրվեր Թուրքիային, սակայն ընդամենն ասվեց, որ այդ հայտարարությունները 15 թիվն են հիշեցնում: Եթե դա 15 թիվն է հիշեցնում, ուրեմն Թուրքիան թշնամի է, որից պետք է զգուշանալ և ոչ թե փորձել հարաբերություններ հաստատել»,- ասաց նա, հավելելով, որ Թուրքիայում ապրող հայերին պետք է կոչ անել հեռանալ այդ երկրից:

«Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է»,-համոզմունք է հայտնել նա: