Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմը անվանակարգերում ներկայացվելու տեսակետից առաջինն է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի(BAFTA) 2013թ.-ի մրցանակաբաշխությունում: Ֆիլմը հավակնում է 11 մրցանակի, այդ թվում «լավագույն ֆիլմ», «անվանի բրիտանական ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» եւ «օրգինալ սցենար» անվանակարգերում: Այդ մասին ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
«Գրավիտացիայից» բացի մի քանի անվանակարգերում են ներկայացված Սթիվ Մաքքուինի «12 տարվա ստրկություն» եւ Դեւիդ Օ. Ռասելի «Խաբեություն ամերիկյան ձեւով» կատակերգությունը, որոնք հավակնում են հաղթել 10 անվանակարգում: Դրանցից բացի այս անվանակարգերում կպայքարեն նաեւ Փոլ Գրինգրասի «Կապիտան Ֆիլիփսը» եւ Սթիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենան»:
Սանդրա Բուլոքը, ով «Գրավիտացիայում» գլխավոր դերում է, ներկայացվել է «լավագույն դերասանուհի» անվանակարգում, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ.-ի փետրվարի 16-ին Լոնդոնում: Անցյալ տարի BAFTA-ի վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեքի «Արգո» գործողությունը» դրաման, իսկ անվանի բրիտանական ֆիկմ ճանաչվել էր Ջեյմս Բոնդի մասին «007. Կոորդինատները Սքայֆոլ» ժապավենը:
Նշենք, որ «Գրավիտացիան» նկարահանվել է 2013թ.-ին եւ ըստ շահույթի դասվել է ամենաեկամտաբեր ֆիլմերի տասնյակում՝ ցուցադրումների արդյունքում հավաքելով 642.5 միլիոն դոլար: Բացի այդ, ֆիլմը բացում էր Վենետիկյան 70-րդ կինոփառատոնը, ներկայացվել էր «Ոսկե գլոբուսի» չորս անվանակարգերում, ինչպես նաեւ համարվում է «Օսկարի» գլխավոր հավակնորդներից մեկը:





























