Այսօր` ապրիլի 12-ին գումարվել է Երեւանի ավագանու խորհրդի հերթական նիստը, որից հետո առաջին անգամ տեղի է ունեցել հարց ու պատասխան ավագանու անդամների ու քաղաքապետարանի վարչությունների ղեկավարների միջեւ:
Երբ ավագանու խորհրդի ՀՀԿ-ական անդամներից մեկը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ուղիղ կեսգիշերին` ժամը 24-ից հետո դադարեցվում մայրաքաղաքի երկրորդական փողոցների լուսավորումը, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է, թե այդպիսով հնարավոր է լինում բավականին գումար տնտեսել:
«Մենք գումարներ ենք դնում բյուջեից, լուսավորում ամբողջ քաղաք, ինչը երեւանցու այսօրվա պահանջն է, բայց զուգահեռ աճում էր լուսավորության վճարները: Մեկ տարվա ընթացքում մոտ 250 միլիոն դրամի չափով լուսավորության գումարները ավելացել են: Այդ պատճառով մենք մի քանի մոտեցում ենք մտածել. Առաջինը մենք փորձելու ենք 12-ից հետո քաղաքը չլուսավորել այնպես, ինչպես մինչեւ այդ ժամն ենք լուսավորում: Քաղաքը կլինի լուսավոր, բայց կաշխատի ամեն 3-րդ լուսատուն: Այդպիսով մենք բավականին շատ տնտեսում կունենանք: Արդեն մեկ ամիս է դա իրականացնում ենք եւ ակնհայտ երեւում է մեր տնտեսումը»,-նշել է Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքապետը նշել է նաեւ, թե փորձում են արեւային էներգիայով լուսատուներ ներդնել, ինչն արդեն տեղադրվել է Նորք-Մարաշ համայնքում:
«Մենք պետք է կարողանանք գիշերը 12-ից հետո, մեր տնտեսումների, անջատումների հաշվին, ապահովել մինչեւ 12-ի պայծառ լուսավորությունը: Ես դիմել եմ նախագահին, որ համապատասխան մարդկանց հանձարարի, եթե հնարավոր է, Երեւան քաղաքի լուսավորությունը հաշվարկեն ավելի մեղմ գներով, մինչդեռ մենք վճարում ենք շարքային քաղաքացու չափով»,-ասել է Գագիկ Բեգլարյանը:




























