Հայաստանի իշխանությունը բարեփոխման պատրվակով պարզապես շարունակում է օրենսդրությունը հարմարացնել իր հանցավոր գործունեությանը: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
ՀԱԿ-ը, անդրադառնալով ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունած «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական Դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, նշում է, որ, տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին`վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ է, սակայն, բարեփոխման անվան տակ փորձ է արվում սահմանել այնպիսի նորմեր, որոնք իմաստազրկում են ողջ բարեփոխումը:
«Խոսքը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի՝ վիրավորանքը սահմանվում է որպես խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը, կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն: Նման անորոշ, առանց հստակ բնորոշման սահմանումը դիտավորյալ է արված` կամայական մեկնաբանություն տալու համար: Ծանոթ լինելով մեր իշխանավորների հիվանդագին „ինքնասիրությանը“ եւ նկատի ունենալով դատական իշխանության` գործադիրի կամակատար լինելու հանգամանքը, կարելի է չկասկածել, որ այս փոփոխություններն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանները կհեղեղվեն իշխանավորների բողոքներով` ընդդեմ զանգվածային լրատվության միջոցների եւ այլոց, ովքեր կփորձեն որեւէ կերպ քննադատել նրանց, իսկ դատարաններն էլ վճիռներ կկայացնեն վերջիններիս դեմ»,- նշել են ՀԱԿ-ի պատասխանատուները՝ պակաս ուշագրավ չհամարելով որպես բարոյական վնասի հատուցում սահմանված գումարի հսկայական չափերը` դրան գումարած նաեւ նյութական վնասի հատուցումը եւ դատական ծախսերը: "Մենք դա արդեն մեկ անգամ տեսել ենք «Քոչարյաններն ընդդեմ „Հայկական Ժամանակ“ օրաթերթի» դատի ժամանակ: Երկու-երեք նման խոշոր տուգանք, եւ ցանկացած ԶԼՄ կսնանկանա ու կդադարի գոյություն ունենալ: Միայն ազատ խոսքից սարսափող իշխանությունն է, որ դիմում է նույն այդ ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ մեթոդների։ Ակնհայտ է, որ այս օրենքն օգտագործվելու է միայն ընդդիմադիր ԶԼՄ-ների եւ գործիչների դեմ, ինչը արձանագրվել է նաեւ հանրային քննարկումների ժամանակ",- ասված է հայտարարության մեջ:



























