Իրանում դատարանն այսօր սկսել է ընդդիմության կողմնակիցների դեմ դատական գործի քննությունը: Այդ գործով անցնում են մոտ 100 ընդդիմադիր ակտիվիստներ: Նրանք մեղադրվում են Իրանի նախագահի ընտրություններից հետո Թեհրանում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Այսօրվա դատական նիստում կլսվի 20 ընդդիմադիրների գործեր, որոնք, ըստ Իրանի դատախազության հաղորդագրության, մեղադրվում են երկրում լարվածություն ստեղծելու մեջ:
Ձերբակալված ընդդիմադիրները մեղադրվում են նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու, ռումբեր տեղադրելու, հրազեն ու նռնակներ ունենալու, ինչպես նաեւ ոստիկանների վրա հարձակվելու եւ պետական ու հասարակական ունեցվածքը վնասելու մեջ: Այս մեղադրանքների մեծ մասը ներկայացվել է նաեւ Երեւանում մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմադիր գործիչներին:
Հիշեցնենք, ու հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ վերընտրվեց Մահմուդ Ահմադի Նեժադը, Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպվեցին. բողոքավոր ընդդիմադիրները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ համարում էին, որ դրանք կեղծվել են:



























