Լայն հասարակությանը հայտնի է, որ դեպի հյուսիս ուղղությունը որոշում են մրջնանոցով եւ մամուռով, սակայն դրանց ավելացել է եւս մեկ միջոց, որը բացահայտել են չեխ եւ գերմանացի գիտնականները եւ որի համար կարող են նաեւ Շնոբելյան մրցանակ պահանջել:

Չեխիայի ագրոտեխնիկական եւ Գերմանիայի Դիուսբուրգ-Էսսենի համալսարանների գիտնականները  համատեղ պարզել են, որ շներն իրենց բնական կարիքները հոգալիս հաշվի են առնում մագնիսական դաշտը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Frontiers in Zoology ամսագիրը:

Իրենց արմատական հետազոտության մեջ նրանք օգտագործել են 37 ցեղատեսակի 70 շուն՝ տարբեր սեռի, տարիքի, քաշի: Նրանց հետեւել են օրվա տարբեր ժամերի:

Երկու տարի տեւող այս ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ շները նախընտրում են իրենց կարիքները հոգալիս կանգնել հյուսիսից հարավ ուղղությամբ: