Պաշտոնական այցով Հայաստան է այցելել Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 11-ին պատգամավորական խմբի պատվիրակության անդամները՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրելն 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ հարգել շուրջ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Մեծ եղեռնի փաստաթղթերին ու վավերագրերին: Չինական պատվիրակության ղեկավար Լի Մինգիուն գրառում է կատարել պատվո հյուրերի հուշամատյանում:

Ապրիլի 12-ին պատգամավորական խմբի անդամները ԱԺ այգում ծաղիկներ են դրել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Խմբի անդամները հանդիպել են նաեւ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ: