2009-ի դեկտեմբերին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահի դեմ ապրիլի 12-ին Թուրքիայի Սամսուն քաղաքի դատարանի դիմաց կատարված հարձակումը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում լարվածության առիթ է հանդիսացել: Ապրիլի 12-ին Ստամբուլում բազմաթիվ անձինք ընդդեմ այդ հարձակման բողոքի երթ են կազմակերպել, իսկ ապրիլի 13-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգի Յուքսեքովա ավանում ի նշան բողոքի փակված են եղել առեւտրի տաղավարները: Փողոցներում հավաքված բազմությունը բողոքի ակցիաներ է իրականացրել: Ոստիկանությունը զգուշացրել է հավաքվածներին ցրվել, որի ընթացքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Ներկա դրությամբ հիշյալ շրջանում խառնաշփոթը շարունակվում է:
Նշենք, որ Սամսունում ընթացող դատավարությանը որպես դիտորդ հետեւելիս են եղել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (փակված «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցության որոշ պատգամավորներ եւ փակված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը, ում Թուրքիայի Սահմանադրական դատարանը 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ:
Դատական նիստի ավարտից հետո Ահմեդ Թուրքը մի խումբ անձանց կողմից ենթարկվել է հարձակման՝ հենց դատարանի դիմաց, եւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության:




























