Սանկտ-Պետերբուրգում ոստիկանության աշխատակիցների եւ տեղական ադրբեջանցիների մասնակցությամբ լուրջ ընդհարում է եղել կիրակի գիշերը, որն ավարտվել է հրաձգությամբ եւ զանգվածային ծեծկռտուքով; Արդյունքում զոհվել է պատահական մի անցորդ:

Ինչպես հաղորդում է Ֆոնտանկա.ru-ն, վկայակոչելով քրեական ոստիկանությանը, առայժմ անհնար է հստակ պարզել, թե որն է եղել ծեծկռտուքի պատճառը:

Մի վարկածով՝ ոստիկանները հանգստացել են բաղնիքում եւ նրանց դուրը չի եկել, թե ինչպես է ադրբեջանցիների մեկը կայանում իր մեքենան: Երկրորդ վարկածով՝ ոստիկանապետերից մեկը վիճաբանել է ադրբեջանցու հետ հարեւանությամբ գտնվող սրճարանում, եւ լրացուցիչ ուժեր է կանչել:

Ինչպես ավելի ուշ է պարզվել, ծեծկռտուքը հանդարտեցնելու համար Վկաների պաշտպանության կենտրոնի աշխատակից լեյտենանտ Լեմեխովը կրակել է ծեծկռտուքի մասնակիցների մեկի ոտքին:

Տեղի ունեցածին ավտոմեքենայից անվրդով հետեւել է հատուկ նշանակության ոստիկանների ջոկատը: Տուժած Վալերի Մալիշեւը, որը հինգ դանակի հարված է ստացել, հետապնդումից խույս տալու համար ներխուժել է ոստիկանական մեքենայի թափք, որտեղ էլ մահացել է ստացած վնասվածքներից:

Հարուցվել է քր.գործ, ձերբակալվել է ոմն Հուսեյնով: