Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ պարզաբանում խնդրել, թե ինչու են հարկային մարմինները կասեցրել Գյումրի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սարքավորւմների ներմուծումը Հայաստան:
Նամակում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին մամուլում հրապարակված հոդվածների համաձայն` „ՉԱՊ“ ՍՊԸ-ին պատկանող Գյումրիի „ԳԱԼԱ“ հեռուստաընկերությունը տեխնիկական վերազինման ժամանակացույցին համապատասխան ներկրել է նոր տեխնիկական սարքավորումներ, որոնց մաքսազերծման գործընթացն արհեստականորեն ձգձգվում է, չնայած որ հ/ը-ն կատարել է ապրանքի մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթային պարտավորությունները և պատրաստ է կատարել մուծումները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետը Գյումրիի „ՉԱՊ“ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կ. Հարությունյանի դիմումին ի պատասխան ապրիլի 7-ի թիվ 165 գրությամբ հայտնել է, որ մաքսային ձևակերպումների կասեցումը կատարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրիի տարածքային հարկային տեսչության գրության և տեղեկանքի հիման վրա:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ղեկավարվելով „Մարդու իրավունքների պաշտպանի մասին“ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ հայտնել, թե որ իրավական ակտի հիման վրա են հարկային տեսչության գրության և տեղեկանքի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից կասեցվել Գյումրիի „ՉԱՊ“ ՍՊԸ-ին պատկանող բեռի մաքսային ձևակերպումները: Եթե չկա նման իրավական ակտ` միջոցներ ձեռնարկել ՍՊԸ-ի իրավունքները վերականգնելու կապակցությամբ և արդյունքների մասին տեղեկացնել ինձ»:



























