Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, որը մեկ շաբաթ է, ինչ հանգստանում է Անթալիայի Բելեքի ծովափին գտնվող «Rixos Premium» հյուրանոցում, հյուրանոցից դուրս գալով մասնակցել է Բելեքի մզկիթում ուրբաթօրյա աղոթքին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը։

Էրդողանին ընկերակցել են «Rixos» հյուրանոցների ցանցի սեփականատեր Ֆեթահ Թամինջեն եւ Անթալիայի նախկին քաղաքապետ Մենդերես Թյուրելը։ Մի փոքրիկ թեյարանում թեյ խմելու ընթացքում Թուրքիայի վարչապետը հարցրել է թեյարանի տնօրենին, թե ինչպե՞ս են գնում գործերը։ Թեյարանի տնօրենը պատասխանել է, որ թեյարանի տարեկան վարձը կազմում է 45 հազար եվրո։ Էրդողանը զարմացած հարցրել է, թե ինչու եվրո եւ ոչ թե թուրքական լիրա։ Տնօրենը ասել է, որ շուկայում կոմերցիոն տարածքները հանձնվում են եվրոյով։