Վերջին հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ ծառերի՝ ածխաթթու գազ կլանելու հատկությունը կախված է ոչ միայն ծառերի չափերից ու ֆոտոսինթեզի արդյունավետությունից, այլեւ դրանց տարիքից:

Այսպես, հին երկարակյաց ծառերը զգալիորեն ավելի շատ ածխաթթու գազ են կլանում, քան երիտասարդները:

Գիտնականները ուսումնասիրել են աշխարհի տարբեր ծագերում աճող շուրջ 673 հազար ծառերի աճի տեմպը: Յուրաքանչյուր ծառի համար նրանք չափել են կենսազանգվածի աճի արագությունը՝ պարզելով կլանվող ածխաթթու գազի ծավալը, ինչպես նաեւ համեմատելով ծառի ընդհանուր ծավալի հավելաճը նրա բարձրության ավելացման հետ:

Պարզվել է, որ բարձրահասակ եւ հին ծառերը ավելի շատ ածխաթթու գազ են կլանել, իսկ նրանց աճի արագությունն ու կլանման աճը երեք անգամ բարձր են, քան երիտասարդ ծառերի մոտ:

Բնապահպանների կարծիքով՝ այս հետազոտությունը վկայում է անտառների պահպանման անհրաժեշտության մասին, որտեղ կան շատ հին ծառեր, հաղորդում է informing.ru-ն: