Մոտ ժամանակներս անսովոր դատական գործընթաց է սկսվելու Իսրայելում: Երուսաղեմի մարզային դատարանը պետք է քննի աֆրիկացի փախստականի գործը, որին արտաքսում է սպառնում:
Նիգերիայի քաղաքացին ապաստան է խնդրում Իսրայելից կապված այն բանի հետ, որ «հայրենիքում նրան հետապնդում են ուրվականները»: 57-ամյա Սթենլի Օնիմաչիի գործը պետք է քննի Երուսաղեմի մարզային դատարանը:
Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, պետական դատախազության ներկայացուցիչը խնդրել է մերժել հայցը, քանի որ աֆրիկացու նշած պատճառը չի ներառված Ժնեւի կոնվենցիայով նախատեսվածների մեջ:
Օնիմաչին Իսրայել է եկել 2009-ի սեպտեմբերին՝ զբոսաշրջային վիզայով: Ապաստանի խնդրանքի իր հայցում նա նշել է, որ դրանից երկու տարի առաջ, իր հոր մահից հետո, հայրենի գյուղի ավագներն առաջարկել են իրեն զբաղեցնել հոր տեղը՝ որպես գյուղական ուրվականի ծառա: Երբ Օնիմաչին հրաժարվել է, նրան սպառնացել են, որ դա կարող է իր համար բացասական հետեւանքներ ունենալ:
Ըստ նրա, տուն վերադառնալու ճանապարհին ինքը վթարի է ենթարկվել եւ երկար ժամանակ պառկել է հիվանդանոցում: Դրանից հետո նա որոշել է լքել երկիրը:




























