«Ամենակարեւորը նա է, թե ԼՂ բանակցային գործընթացքում ինչպես կշարժվեն կողմերը մադրիդյան սկզբունքներից այն կողմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց. «Եթե 2004 թվականին, երբ պրահյան գործընթաց էր սկսվում, Ղարաբաղը ներգրավված լիներ բանակցային գործընթացում եւ ինքը շարունակեր բանակցություններն ու իր վճռորոշ տեսակետը հայտներ, վստահ եմ, որ այսօր այդ սկզբունքների պատկերը միանգամայն այլ կլիներ: Սա ամենամեծ կորսված հնարավորությունն է եւ գործընթացի ամենավտանգավոր մասը»:
Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմի համար վտանգավոր է այն, որ ներկայումս քննարկվող փաստաթղթում Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակի» վերաբերյալ նշվում է «ինքնակառավարում» բառը, պատգամավորը պատասխանեց. "Եթե այս տեսքով մնա, իհարկե վտանգ կա, քանի որ այս տեսքով առաջարկները նշանակում են վերադարձ 1988 թվական: Այսինքն մի կողմ թողնել 1991-94 թվականների հատվածը, վերականգնել հակամարտության հետեւանքները եւ ամեն ինչ սկսել 1988 թվականից: Սա նշանակում է, որ մեզ համար կարեւոր մի հատված դուրս է թողնվում բանակցություններից, այսինքն Ղարաբաղը կրկին վերադառնում է այն կարգավիճակին որ ուներ 88-ին, որից հետո արդեն ապագայում որոշվելու է ԼՂ կարգավիճակը:
Ս. Սաֆարյանը նկատեց, որ 1988 թվականի Ադրբեջանը, համեմատաբար շատ ավելի անվտանգ էր, քան այսօրվա Ադրբեջանը, որը ծայրից-ծայր ազգայնականացվել է եւ քարոզչության ազդեցության տակ է: «Եթե անգամ մի պահ ընդունենք, որ պետք է վերադառնալ 88 թվական, ինչն անթույլատրելի է, սա նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս, որ Ղարաբաղը հայտնվի շատ ավելի վտանգավոր միջավայրում, քանի 88-ին»,- ասաց նա ու ընդգծեց. «Մադրիդյան սկզբունքների համաձայն, վերադարձվում են ԼՂ-ին հարակից բոլոր տարածքները, միջազգային խաղաղապահներ են կանգնում այդ միջանցքում, (Խորհրդային Միությունն էլ ուներ նման ուժեր), որից, ասենք, 5 տարի անց նշանակվում է հանրաքվե»:
Սա, ըստ Սաֆարյանի շատ ռիսկային է, քանի որ 5 տարվա ընթացքում կարող է շատ բան տեղի ունենա եւ այդ հանրաքվեի օրն այդպես էլ չհասնի: «Սա է պատճառը, որ հայկական կողմը փորձում է հստակություն մտցնել այդ միջանկյալ կարգավիճակի ծավալի առումով, որ դա չտարբերվի այսօրվա „դե-ֆակտո“ կարգավիճակից: Թե որքանով դա կհաջողվի, դա արդեն բանակցությունների խնդիր է, եւ մեզ մնում է միայն գուշակություններ անել, որովհետեւ դրա համար նախ պետք է ինովացիոն մտածողություն ունեցող, ստեղծագործ դիվանագիտություն վարող եւ միեւնույն ժամանակ լեգիտիմ իշխանություն ունենալ, գումարած այդ ամենին՝ պետք է մասնակցի ԼՂ-ն»,- ասաց նա, հավելելով. «Եթե այս պայմանները մենք ունենանք, ապա միգուցե այդ խնդիրները կլուծվեն այնպես ինչպես մենք ենք պատկերացնում, բայց չունենալու դեպքում, ես չեմ կարող որեւէ լավատեսություն արտահայտել այսօրվա գործընթացի համար»:



















