Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին, հայտնում է Հայաստանի օրենսդիր մարմնի մամլո ծառայությունը։ Նիստի օրակարգում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու հարցը։ Հիշեցնենք, որ 2008թ նախագահական ընտրություններից հետո ընդդիմության և ոստիկանության բախման արդյունքում զոհվել էր 10 մարդ։ Այս իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծվել էր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։ Եվրոպական կառույցների երկարատև պնդումներից հետո ստեղծվել էր նաև փաստահավաք խումբ, որտեղ ներգրավված էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, իշխանական կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչները։ կքննարկի համաներում հայտարարելու հարցը
Հավելենք նաեւ, որ մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, թե կարող է օգտագործել ՀՀ սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունը և համաներում հայտարարել, եթե իհարկե համոզվի վերջինիս անհրաժեշտության հասունացման հարցում։ Հունիսի 2-ին Սարգսյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որտեղ համապատասխան մարմիններին հանձնարարեց մինչև 2009 թ հունիսի 15-ը համաներման պայմանների ու գործընթացների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել իրեն։
ՀՀ նախագահին համաներում հայտարարելու առաջարկով արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 1-ի դեպքերի բացահայտման հանձնաժողովը և մի շարք քաղաքական գործիչներ։
Մեկնաբանելով համաներման հնարավոր հայտարարումը, որի համաձայն 2008թ մարտի 1-ին Երևանում համատարած անկարգությունների կազմակերպիչները ազատ արձակվելու հնարավորություն կստանան, մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ ասել են, որ նույնիսկ համաներումը չի կարող փոխել իրենց վերաբերմունքը ՀՀ նախագահի վերաբերյալ։ Ընդդիմությունը ՀՀ նախագահին կոչ է արել չքաղաքականացնել համաներման հարցը։



























