Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Եվրոպայում ներկայումս գտնվում են մոտ 50 հազար ապօրինի միգրանտներ Ադրբեջանից, հաղորդում է ադրբեջանական «Էխոն»:

Ադրբեջանի Միգրացիոն ռեսուրսային կենտրոնի տնօրեն Ազեր Ալլահվերանովի խոսքերով, հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն առ այսօր չի ընդունում միգրանտների վերադարձի մասին օրենքը: Սակայն, փորձագետի կարծիքով, վաղ թե ուշ ընդունելու է այդ օրենքը, քանի որ դա Եվրամիության պահանջն է:

Բանն այն է, որ այդ դեպքում Ադրբեջանը ստիպված է լինելու իր վրա պարտավորություն վերցնել ապօրինի միգրանտների վերադարձն ապահովելու, այդ թվում նաեւ՝ այն օտարերկրյա միգրանտների, որոնք Ադրբեջանի տարածքով են անցել Եվրոպա:

«Բացի այդ՝ 50 հազարը բավական մեծ թիվ է մի երկրի համար, որի բնակչությունը 8,5 միլիոն է: Եւ եթե այդ օրենքն ընդունվի, առաջին հերթին մեր երկիրը ստիպված է լինելու զբաղվել նրանց վերադարձով»,- նշել է Ալլահվերանովը:

Ադրբեջանցի քաղաքագետ Պյարվին Դարաբադիի կարծիքով՝ նման օրենքի ընդունումը չի բխում Ադրբեջանի շահերից: Փորձագետը կարծում է, որ եթե այս կամ այն օրինագծի ընդունումը չի բխում երկրի շահերից, չպետք է ընդունել, նույնիսկ եթե դա պահանջում է ԵՄ-ն: «Պարտադիր չէ այլ երկրներում ընդունվածը ընդունել նաեւ Ադրբեջանում: Մենք անկախ երկիր ենք եւ ունենք մեր շահերը: Եւ եթե եվրոպական ինչ-որ օրենք հակասում է մեր շահերին, անհրաժեշտ է հաշվի առնել ազգային շահերը»: