Ռուսաստանյան «Գազետա.ռու» կայքի տեղեկություններով, ավելի քան 80 քրեական հեղինակություններ, հիմնականում՝ նախկին ԽՍՀՄ երկրներից, հինգշաբթի Բարսելոնում քննարկել են «օրենքով գող» Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Իվանկովի, վրա կատարված մահափորձը: Իրավապահներն այդ կապակցությամբ պնդում են, որ քրեական աշխարհի «ռազբորկաները» տեղափոխվել են արդեն միջազգային ասպարեզ եւ լայն թափ են հավաքում: Ըստ հավաստի լուրերի՝ «սխոդկան» նախագահել է «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, որը քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մտերիմներից է:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանի եւ մեկ այլ «օրենքով գողի» Տարիել Օնիանիի միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել, որը ողջ քրեական աշխարհը բաժանել է երկու մասի: Իսկ հակամարտության պատճառը խաղատնային բիզնեսն է: Երկու կլանները փորձում են իրենց ենթակայության տակ վերցնել Մոսկվայի եւ Կրասնոդարի մարզի լեգալ եւ ընդհատակյա բոլոր խաղատները:

Ազգությամբ քուրդ Զաքար Քալաշովի (մականունը՝ Շաքրո) ձերբակալությունից հետո Օնիանիի խմբավորումը սկսել է լուրջ հորիզոններ նվաճել, եւ Դեդ Հասանին դուր չի եկել այդ հանգամանքը: Ըստ տեղեկությունների՝ Իվանկովն անցել է Դեդ Հասանի կողմը: Օնիանին անցած տարվա հուլիսին փորձել է հարցերը լուծել մեծ «սխոդկայի» ժամանակ, որը կայացել էր Կլյազմինսկի ջրամբարում՝ վարձակալած մի նավի վրա: Ոստիկանությունը ձերբակալել էր 39 քրեականի, այդ թվում՝ 20 «օրենքով գողի»: Դրանից հետո կլանների միջեւ պայքարն ավելի է սրվել: Լաշա Շուշանիշվիլիին աքսորել էին Հայաստան, իսկ Դեդ Հասանի մտերիմներ Ալիկ Մինալյանին եւ «Սկիֆ» մականունով Անդրեյ Գոլուբեւին սպանել էին անհայտ հանգամանքներում:

Ի դեպ, Բարսելոնը հավաք կազմակերպելու համար բոլորովին էլ պատահական չի ընտրվել: 90-ականների վերջերին Բարսելոնում էին բնակվում Շաքրոն, Օնիանին եւ բազմաթիվ այլ «օրենքով գողեր»: Սակայն իսպանական ոստիկանությունը ձերբակալել էր Շաքրոյին եւ այլոց:

Իրավապահների համոզմամբ՝ հավաքը Բարսելոնում կազմակերպելը նշանակում է, որ քրեական «ռազբորկաները» միջազգային մասշտաբ են ստանում:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ է որոշվել այդ հավաքի ընթացքում: Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Իվանկովի դեմ մահափորձ էր կազմակերպվել հուլիսի 28-ի երեկոյան՝ մոսկովյան «Տայսկի սլոն» ռեստորանից դուրս գալիս: Նրան վիրավորել էին որովայնի հատվածում: «Օրենքով գողը», որի աղիները հինգ տեղից վնասվել էին, ծանր վիրահատություն է տարել եւ միայն այսօր առավոտյան է վերակենդանացման բաժնից տեղափոխվել ընդհանուր պալատ: