«Ժամանակ» թերթը զրուցել է  ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Զոհրաբյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը վերջին շրջանում շրջանառության մեջ դրեցին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: Արդյո՞ք այդ քայլով Ռ. Քոչարյանը փորձում էր իր նախագահության տարիների բացասական երեւույթները վերագրել նրան:

 Այդ տարիներին սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները որոշ՝ բնականաբար ոչ հավասար չափով պիտի վերաբերեն նաեւ վարչապետին: Խնդիրը միայն այն չէ, որ սեփական խնդիրները լուծելու համար Ա. Մարգարյանի անունը շահարկելը բարոյական հարթությունում չէ: Եվ դա վերաբերում է բոլոր կողմերին: Նա միայն իր 7 տարվա վարչապետությամբ չի հայտնի հանրությանը, նա հայտնի է որպես անկախ Հայաստանի համար պայքարած եւ դրա համար տուժած գործիչ: Նա իր վարչապետության շրջանում պատվով է կատարել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրները եւ այսօր չկա: Ով շահարկում է, ես դա համարում եմ ոչ բարոյական: Այն մարդիկ, ովքեր ուզում են շահարկել Ա. Մարգարյանի անունը, նրա պայքարի տարիներին կվախենային նույնիսկ մի ակնարկ անել Հայաստանի անկախության մասին:

Բայց տվյալ դեպքում Ռ. Քոչարյանն ու նրա թիմը գտնում են, որ Ա. Մարգարյանի աշխատանքը քննադատում է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փուչիկ համարելով այդ տարիների տնտեսական աճը:

Չմոռանանք, որ այդ ժամանակ Տ. Սարգսյանը ԿԲ նախագահ էր եւ հեռու չէր տնտեսական գործունեությունից: Եվ այդ հարցերը թող իրար մեջ լուծեն ու Ա. Մարգարյանի հետ գործ չունենան: Իսկ Տ. Սարգսյանի դեմ ուղղված մեղադրանքները ես չեմ ընդունում: Նա ՀՀԿ ԳՄ անդամ է, նախագահի տեղակալը եւ ՀՀ վարչապետն է: Ձեր կարծիքով` ես ո՞ւմ պետք է պաշտպանեմ: Ռ. Քոչարյանի՞ն, որ պաշտոնաթող նախագահ է, թե՞ Տ. Սարգսյանին, որը մեր վարչապետն է արդեն 6 տարի: Եվ եթե մենք չենք պաշտպանում մեր վարչապետի գործունեությունը, ապա սայրը ուղղվում է նաեւ ՀՀ նախագահին: Այնպես չէ, որ վարչապետն առանձին իր համար գործունեություն է վարում, նախագահն՝ առանձին: Կպնել ՀՀԿ-ի որեւէ պաշտոնյայի, նշանակում է կպնել ՀՀ նախագահին, ՀՀԿ-ին: Ռ. Քոչարյանը դա լավ գիտի, բայց քանի որ ինչ-որ արտահայտություններից նեղացած է, մի երկու բան ավելի է ասել: Կարծում եմ, որ Տ. Սարգսյանը շատ չեզոք ներկայացրեց, որ պետք չէ շարունակել այդ բանավեճը: Իսկ ում մոտ զգացմունքներն ավելի լարված էին, երկար շարունակեց: Զգացմունքների գերլարում էր տեղի ունեցել, եւ լավ է, որ ընդհարումը եղավ միայն մամուլի շրջանակներում: Իսկ դա էլ իր հերթին ապացուցեց, որ մեր երկրում կա խոսքի ազատություն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում