Հայաստանում ղըրղզական տարբերակը բացառվում է: Այդ մասին ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Հայաստանում իրադրությանը մենք տիրապետում ենք: Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե դա ինչ-որ մեկի մտքով անցնի: Ով կփորձի նման միտք փայփայել, օրորոցում կպատժվի»,- ասաց Սարգսյանը:

«Այսօր ընդդիմության մեջ չեմ տեսնում այն ուժը, որը նման կերպ կվարվեր: Փառք Աստծո, մեր ընդդիմությունը քաղաքակիրթ ձեւով է փորձում գալ իշխանության»,- նշեց ոստիկանապետը՝ հընթացս բացառելով հնարավորությունը, թե հայաստանյան ընդդիմությունը նույն կերպ կվարվեր, եթե ունենար այդ հնարավորությունը:

Ալիկ Սարգսյանը շատ լավ ճանաչում էր նաեւ Ղըրղզստանի ՆԳ նախարար Մոլդումուս Կոնգանտիեւին, որին սպանել էին ցուցարարները: «Իմ գործընկերոջը շատ լավ ճանաչում էի: Նա մտավորական անձնավորություն էր, բարձրակարգ իրավաբան: Ցավում եմ նրա համար, բայց ՆԳ նախարարը ի պաշտոնե կամ պիտի պաշտպանի իշխանությունը, կամ հայտնվի այն դերում, որում հայտնվեց: Իշխանությունը չպիտի հայտնվի նման խղճուկ վիճակում»,- ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Ղըրղզստանում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվեցին 80-ից ավելի մարդ, մոտ 1600-ը վնասվածքներ ստացան: Երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը ստիպված էր փախչել մայրաքաղաքից՝ իշխանությունը զիջելով ընդդիմադիրներին: