Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 13-ի երեկոյան Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել լիբանանահայության ներկայացուցիչներ, Լիբանանի խորհրդարանի եւ կառավարության հայազգի անդամներ:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն՝ փաստելով, որ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք չափազանց սերտ են:




























