Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմի գնահատականները ճիշտ են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ–թուրքական կարգավորման գործընթացը, Նալբանդյանը պատասխանել է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մեզ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները ճիշտ են»:

Ըստ Նալբանդյանի՝ «ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ Հանրապետության նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաեւ հանրությունը»:

ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ հանրությունը Հայաստանի որոշման մասին կիրազեկվի այն ժամանակ, երբ Հանրապետության նախագահը կգտնի, որ ճիշտ ժամանակն է: