Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները ԱՄՆ նախագահ Օբամայի ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հնարավորություն տվեցին շարունակել կառուցողական երկխոսությունը եւ քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շուրջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում:
Հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն, Նալբանդյանը պատասխանել է. «Շատ կարեւոր այցելություն էր: Վերջին շրջանում Հայաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ հաստատվել է սերտ բարեկամական գործընկերություն, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջեւ»:
Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ «այցելությունը եւ կայացած հանդիպումները կարեւոր էին թե՛ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե՛ երկու կողմերին հուզող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի քննարկման առումով»:




























