Անգլիական Բազիլդոն քաղաքի դատարանը հայտնվել է ծանր վիճակում. Այնտեղ մի լեսբուհի, որը գեյ-դոնորից երկու երեխա է ծննդաբերել, նրանից ալիմենտ է պահանջում: Տղամարդը մտադիր չէ հայրական պարտականություններ վերցնել իր վրա:
Այս իրավիճակն անսովոր է անգամ Մեծ Բրիտանիայի համար: Բազիլդոն քաղաքի բնակչուհի Մենդի Բեյքերը (լեսբուհի) ակումբում ծանոթացել ու ընկերացել է գեյ Մարք Լանգրիջի հետ դեռեւս 1990-ականներին: Երբ կինը ցանկացել է մայր դառնալ, Մարքը առաջարկել է իր սերմնահեղուկը՝ արհեստական բեղմնավորման համար:
Նա դա արել է երկու անգամ, եւ Մենդին երկու դուստր է ունեցել 1998 եւ 2000 թվականներին: Միաժամանակ, ընչպես պնդում է Մարքը, ինքը երբեք չի պատրաստվել հայր դառնալ դրա ընդունված իմաստով՝ իր վրա վերցնել հայրական պարտականություններ, հոգ տանել երեխաների մասին, դաստիարակել նրանց, գումար տալ եւ այլն:
Սակայն հիմա դատարանում երեխաների մայրը պնդում է, որ հայրը խոստացել է պահել իրենց եւ նրանից ալիմենտ է պահանջում: Կինը նշել է, որ Մարքը երեխաների ծնվելուց հետո մի քանի տարի շարունակ իսկապես այցելել է աղջիկներին, իսկ հետո դադարել է դա անել եւ խզել է բոլոր կապերը, ինչը երեխաների համար մեծ տրավմա է եղել:
Երկար քննարկումներից հետո դատարանը որոշել է ալիմենտ նշանակել, թեեւ խոսքը միայն սերմնահեղուկի դոնորության մասին է: Հիմա Մարքը ստիպված է շաբաթական 26 ֆունտ տրամադրել երեխաներին: Դատարանը որոշել է, որ Մարքը սովորական անանուն դոնոր չի եղել, քանի որ երեխաները նրան ընդունել են որպես հոր:




























