Հայաստանում գործունեության լիցենզիա ստացած միջազգային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում: Ընկերություններից մեկը գրանցված է Ֆրանսիայում մյուսի հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայում, մյուս՝ Ավստրիայում: Խոսքը եղել է կառավարիչներից մեկի ֆոնդի մասին, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Բայց Լյուքսեմբուրգը «օֆշոր» բառախաղի զոհ է դարձել, որը նշանակում է «տեղից դուրս» եւ ոչ թե վատ իմաստով: Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ԵՄ չափանիշներին, եւ Լյուքսեմբուրգում գրանցված որեւէ ֆոնդ ոչ թե խնդիր ունի թափանցիկության, այլ հարկային դաշտը այնտեղ ձեռնտու է, ինչպես բարենպաստ է նաեւ Հայաստանում»:

Նրա խոսքով՝ այդ հիմնադրամներից մեկը գրանցված է Ֆրանսիայում, իսկ մյուսը՝ Գերմանիայում եւ Ավստրիայում: «Խոսքը Arts ֆոնդի մասին է, որը գրանցված է օֆշորում, ընդ որում՝ գրանցված է միայն ֆոնդը, եւ ոչ թե ընկերությունը, իսկ ընկերությունը բազմաթիվ ֆոնդեր ունի գրանցված բազմաթիվ երկրներում: Այդ ֆոնդը գրանցված է Լյուքսեմբուրգում, որը համարվում է Եվրոպայի ամենաշատ ֆոնդ գրանցած երկիր: «Օֆշոր» նշանակում է տեղից դուրս, չի նշանակում այն վատ իմաստը, որը մենք ենք հասկանում»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե Գերմանիայի ֆոնդերից մեկը գրանցված է Լյուքսեմբուրգում, չի նշանակում, որ այն թափանցիկության հետ կապված խնդիր ունի:

«Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ավելի քան բավարարող ստանդարտ է, պարզապես այստեղ հարկային դաշտ շատ ավելի պարզ է եւ հարմար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբից Սպարտակ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչներից մեկի՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնետերերից մեկը՝  «C-Quadrat Investment AG»-ը գրանցված է օֆշորային գոտում։ «Հարգելի հայրենակիցներ, ներկայացնում եմ չինովնիկների կողմից ընտրված ֆոնդի ռեյտինգը, որն ի դեպ օֆշորային է: Զարմանալի է, որ օֆշորային ընկերությունները մի դեպքում (երբ մաքսազերծում է կատարվում) վստահություն չունեն պետական մարմինների մոտ եւ նրանց կողմից տրված փաստաթղթերը հիմք չեն կարող համարվել գործարքի մեթոդով (ներկրողին հարմար) մաքսազերծում կատարելու համար, իսկ մյուս դեպքում (երբ ամբողջ ազգի գումարն է վստահվում նրանց) համարվում են շատ վստահելի: Ինչու՞մն է հարցը, ինչու՞ են կիրառվում երկակի ստանդարտներ»,- գրել էր Ս. Պետրոսյանը՝ ներկայացնելով նաեւ այս լուսանկարը: