Ռուսաստանի համար միեւնույնն է, թե տարբեր երկրներ ինչպես կարձագանքեն իր դիրքերի ամրապնդմանը Լատինական Ամերիկայում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ Բուենոս Այրեսում բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում: Ըստ Մեդվեդեւի, իր երկիրը չի պատրաստվում հրաժարվել իր ընտրած ուղեգծից: «Ես հույս ունեմ, որ դա ոչ ոքի չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, մենք թքած ունենք դրա վրա»,- ասել է նա:
Հարցին, թե չի՞ կարող Վաշինգթոնը բացասաբար վերաբերի, որ Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները Հարավային եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ, ՌԴ նախագահը պատասխանել է. «Ինձ մոտ տպավորություն է, որ Սպիտակ տանը խելացի մարդիկ են նստած, հետեւաբար նրանք չպետք է մտահոգվեն մեր բարեկամական այցերից այն երկրներ, որոնց հետ ունենք լավ եւ անգամ ռազմավարական հարաբերություններ»:
Նրա կարծիքով, Լատինական Ամերիկայում պետք է ներկայացվեն խոշոր, գլոբալ խաղացողներ, որոնք կօգնեն այդ տարածաշրջանի երկրների տնտեսության զարգացմանը եւ միաժամանակ իրականացնեն իրենց բիզնես նախագծերը:
«Ռուսաստանը վերադարձել է Հարավային Ամերիկա: Մենք դա արել ենք շատ աշխույժ դեռ նախանցած տարի եւ հիմա շատ ակտիվորեն զարգացնում ենք հարաբերությունները Լատինական Ամերիկայի մեր գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդեւը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի Արգենտինա այցի շրջանակում, Ռուսաստանն ու Արգենտինան մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր են կնքել ռազմատեխնիկական համագործակցության, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Մեդվեդեւի խոսքով, միայն ատոմային էներգիայի գծով Ռուսաստանը մտադիր է Արգենտինայում ներդնել մի քանի միլիարդ դոլար:




























