Հոլանդիայի մարմնավաճառները համաձայնել են իրենց ծառայությունների համար կրիպտոարժույթով վճարումներ ընդունել։ Վճարային նոր համակարգին անցնելու մասին առաջին անգամ հայտարարել է Ամստերդամի խոշորագույն «007». Էսկորտ-գործակալությունը։

Բիթքոյններով վճարելու համար հաճախորդները պետք է նախապես հայտնեն աշխատակազմին եւ հատուկ հաշիվ ստանան վիրտուալ փողերի փոխանցման համար։ Մեկ բիթքոյնը պետք է բավական լինի աղջկա հետ առնվազն հինգ ժամ անցկացնելու համար, հայտնում է BFM.ru-ն։

«Գիտեք, այս ամենը գովազդի է նման: Բիթքոյնների համակարգը ոչ ոք չի կարգավորում: Սա ոչ պաշտոնական, վիրտուալ արժույթ է:  Այն կապված չէ ոսկու կամ էլ որեւէ այլ բանի հետ: Երբեք չի կարելի հստակ կանխատեսել եվրոյի կամ ռուբլու հարաբերակցությամբ նրա  փոխարժեքը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ սա հոլանդացի մարմնավաճառուհիների մարքեթինգային ինքնատիպ քայլն է», - ասել է Եվրոպայի խոշորագույն հասարակաց տան սեփականատեր Պետեր Լասկարիսը: 

Նշենք, որ կրիպտոարժույթն իր կայուն տեղն ունի շուկայում: Բիթքոյնների դիմաց վաճառում են անշարժ գույք, ներդրողներն անտարբեր չեն դրանց նկատմամբ:  Ըստ որոշ փորձագետների` այս փողերը կարող են օգտագործվել կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ բիթքոյններն ի հայտ էին եկել 2009թ. փետրվարին, մեկ միավորը վաճառել էին 30 ցենտով: Այժմ փոխարժեքը պահպանվում է մեկ բիթքոյինը 800 դոլար սահմանագծում: