Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կողմերը մտել են վճռորոշ փուլ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կառավարության նիստի ընթացքում:

«Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի հիման վրա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը պետք է կատարվեն, „օկուպացիոն“ ուժերը դուրս բերվեն բոլոր „զավթված“ տարածքներից, Ադրբեջանի քաղաքացիները՝ փախստականները պետք է վերադառնան այդ տարածքներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որից հետո կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Միեւնույն ժամանակ, կարգավիճակը հնարավոր է միայն ու միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանական պետությունը երբեք չի համաձայնվի որեւէ այլ կարգավիճակի հետ: Առանց մեր համաձայնության ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն»,- հայտարարել է Ալիեւը:

Նրա խոսքով բոլոր փուլերում, բանակցությունների ամենասկզբից Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղին պետք է տրվի ինքնավարության ամենալայն կարգավիճակը: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը պնդում է, թե իբր իր երկիրը չի իրագործել եւ մտադիր չէ էթնիկ զտումների քաղաքականություն վարել:

«Եթե հայկական կողմն ընդունի միջազգային իրավունքի նորմերն արտացոլող առաջարկները, ադրբեջանական համայնքը պետք է բնակվի Լեռնային Ղարաբաղում հայկական համայնքի հետ: Ադրբեջանցիների բնակվելը մի կողմից լիովին կհաստատի պատմական ճշմարտությունը, մյուս կողմից կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին»,- նկատել է Ալիեւը:

Ըստ նրա՝ այս փուլում Հայաստանը պետք է արտահայտի իր դիրքորոշումը. «Մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ պետք է պատասխանել Մինսկի խմբի համանախագահների առաջարկությանը»:

Ալիեւը հիշեցրել է, որ Ադրբեջանը պաշտոնապես արտահայտել է իր դիրքորոշումն այն մասին, որ Մադրիդյան լրամշակված սկզբունքների հիման վրա արված առաջարկն ընդունելի է. «Այդ առաջարկության մեջ անհանգստացնող պահերը շատ քիչ են: Որոշ բացառություններով դրանք պետք է որպես հիմք ընդունվեն, եւ դրա հիման վրա խաղաղ համաձայնագիր կնքվի»:

Ըստ Ալիեւի, եթե Հայաստանը չընդունի առաջարկները, բանակցությունները կկորցնեն իմաստը: «Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,- ասել է Ալիեւը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը դրական պատասխան կտա առաջարկված տարբերակին:

Խոսելով, հայ-թուրքական գործընթացի մասին՝ Ադրբեջանի նախագահը նկատել է, որ դա երկու երկրների գործն է եւ «ոչ ոք իրավունք չունի խառնվել»: