Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II իրեն պատկանող լքված եկեղեցին վաճառել է խորհրդանշական 1 ֆունտով (մոտ 1.6 դոլար), հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Սուրբ Հակոբի եկեղեցու ավերակները, որ գտնվում են Անգլիայի հարավ-արեւմուտքում ընկած Գլոսթերշիր կոմսության լքված Լանքոթ գյուղում, գնել է բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է պատմական հուշարձանների վերականգնմամբ: Հիմնադրամը հանձն է առել 50 հազար(մոտ 100 հազար դոլար) ֆունտ ներդնել  պատմական շինության պահպանության համար, որից այժմ միայն պատեր են մնացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գլոսթշիրում Լանքոթը գոյություն ունի Վաղ Միջնադարի տարիներից, սակայն XIX դարի վերջում բնակիչները լքել են այն: Սուրբ Հակոբի եկեղեցին կառուցվել է IX դարում, սակայն դրա տեղում, ըստ պատմաբանների տվյալների, առաջին քրիստոնեական վանքը հայտնվել է VII դարում:

Գիտնականները ենթադրում են, որ Միջնադարում եկեղեցու կողքին բորոտների հիվանդանոց է գտնվել: Հետազոտողները կարծում են, հենց այդ պատճառով մինչ այժմ եկեղեցու շուրջ դեղաբույսեր են աճում, որոց օգնությամբ այն ժամանակ փորձում էին բուժել այդ հիվանդությունը: