Պալեոգենետիկները հաջողությամբ կարդացել են Իսպանիայի հյուսիսում գտնվող քարանձավներից մեկում բնակվող հին եվրոպացու ոսկորների ԴՆԹ-ն ու պարզել են, որ նա ունեցել է կապույտ աչքեր ու թուխ մաշկ, ասվում է հոդվածում, որը հրապարակվե է Nature ամսագրում:

Գիտական հետազոտության համար օբյեկտ են ծառայել ոսկրային հյուսվածքները, որոնք պատկանել են միջահասակ մի տղամարդու. դրանք հայտնաբերվել են 2006թ.-ին Լա-Բրանյա-Արինտերո քարանձավում: Հնագետների կարծիքով՝ նախամարդիկ այնտեղ ապրել են մոտ 10-5 հազարամյակ առաջ: Գիտնականներին առաջին հերթին հետաքրքել է գեների համադրությունը, որոնք պատասխանատու են մարդու օրգանիզմի իմուն համակագրի եւ նյութափոխանակության համար:

Արդյունքում մասնագետները հաստատել են, որ այդ հնագույն ժամանակներում Իսպանիայի տարածքում բնակվող մարդիկ մաշկի մուգ գույն են ունեցել եւ կապուտաչյա են եղել:

Հետազոտողներից Կարլես Լալուես-Ֆոքսի խոսքով՝ գիտնականների համար իրական անակնկալ էր, որ հնամարդը գեների «աֆրիկյան» տարբերակներ է ունեցել, որոնք պատասխանատու են մաշկի գունավորման համար: Ուստի, ամենայն հավանականությամբ, նա բավական թուխ է եղել, հնարավոր է նույնիսկ՝ սեւամորթ:

Գիտնականները նաեւ զարմացել են, երբ քարանձավի բնակչի մոտ հայտնաբերել են գեներ, որոնք աչքերին կապույտ գույն են հաղորդում. համարվում էր, որ նման երեւույթ առկա է եղել միայն Եվրոպայի հյուսիսում:

Մոտ ժամանակներում Լալուես-Ֆոքսն ու նրա գործընկերները ծրագրում են ստուգել այս եզրակացությունները՝ գաղտնազերծելով այդ քարանձավի մեկ այլ բնակչի ոսկորների ԴՆԹ-ն: