Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատների բողոքները, որոնցով նրանք վիճարկում են սպանությունների հանգամանքների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության անգործությունը: Դատավարությունները կսկսվեն ուրբաթ օրվանից:
Զոհվածների հարազատները համոզված են, որ քննչական մարմինը երկու տարի շարունակ անգործություն է ցուցաբերում եւ չի բացահայտում իրենց որդիների սպանությունների հանգամանքները: Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու պահանջով նրանք նախ դիմել էին Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունը մերժել էր դիմումը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, եւ այժմ գործը մտել է դատարան:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է բողոքարկող կողմի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը, ուրբաթ օրը նշանակված է զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի հարազատների բողոքի գործով դատական առաջին նիստը, իսկ երկուշաբթի` «Չերյոմուխա — 7» հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի հարազատների դիմումի քննությունը:
Մարտի 1-2-ի դեպքերի 10 զոհերից 9-ի հարազատներն են դիմել դատարան` 4 խումբ բողոք-դիմումներով: Դիմումները տարբերակվել են ըստ առանձնահատկությունների:
«Տիգրան Աբգարյանը Ներքին զորքերի զինծառայողն է, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Գոռ Քլոյան` նրանց մարմնից հայտնաբերվել է „Չերյոմուխա — 7“ գազային նռնակը` կրակված կարաբինից, մյուս խմբերը բաժանված էին ըստ մարմնում հայտնաբերված գնդակների կամ այլ հատկանիշների», — ասել է Զեյնալյանը:
Նշենք, որ զոհվածների հարազատները դատարանից պահանջում են վերացնել Հատուկ քննչական ծառայության անգործությունը, պարտավորեցնել այս մարմնին` իրականացնել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն:
Բողոքարկող կողմը կողմը նաեւ պահանջում է կրած վնասի արդարացի փոխհատուցում:



























