Հայաստանի կառավարությունն ապրիլի 15-ին կայացած նիստում «ՀՀ ԳԱԱ», «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ», «Երեւանի պետհամալսարան», «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» եւ «ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ներին թույլատրել է իրենց միջոցների հաշվին հիմնադրել «Հայկական ազգային գրիդ նախաձեռնություն հիմնադրամ»:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գրիդ տեխնոլոգիաները մեծապես օգտագործվում են ինչպես պետական նշանակություն ունեցող, այնպես էլ արտադրական եւ գիտատեխնիկական խնդիրների լուծման համար եւ ընդգրկում են միջուկային ֆիզիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, եղանակի կանխատեսումը եւ կլիմայի փոփոխության մոդելավորումը, դեղագործությունը եւ այլն: Հայկական կազմակերպությունները համագործակցում են ռուսական եւ վրացական կազմակերպությունների հետ` ստեղծելու հայ-ռուսական եւ հայ-վրացական գիտակրթական գրիդ սեգմենտներ: Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա մասնակցել եվրոպական միջազգային նախագծերին: