ԱՄՆ-ը երկար ժամանակ է, ինչ աշխատում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ խաղաղ եւ արդար լուծման հասնելու ուղղությամբ։ Այս մասին 1news.az-ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Թերրի Դեւիդսոնը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դժգոհության մասով Բաքվի քննադատական հայտարարությունները։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկը, ղարաբաղյան հակամարտության լուծման համար հավասարակշռված ջանքեր է գործադրում՝ հասկանալով, որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ադրբեջանը պետք է հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներ ընտրեն։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ղարաբաղյան հարցի շուրջ ունեցած դիրքորոշման համար քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին։