Ստամբուլի ոստիկանության  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը մասնագետ-ոստիկան է գործողուղել Հայաստան՝ հարցաքննելու Հայաստանի Մեղրիի մաքսակետում մի բեռնատարի մեջ 927 կգ հերոինի հայտնաբերման գործով ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն։

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, թե Ստամբուլի ոստիկանության  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը կապ է հաստատել հայկական կողմի հետ եւ ցանկություն հայտնել հարցաքննել ձերբակալված Թուրքիայի 41-ամյա քաղաքացի Օ. ՈՒ.-ին։

Նշվում է, թե հայկական կողմից դրական պատասխան ստանալով՝ Ստամբուլի ոստիկանության  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության մասնագետ-ոստիկան է գործուղվել Հայաստան։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: