Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գոտում իրավիճակը կայունացնելու: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե Մոսկվան անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կապակցությամբ, քանի որ հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների հետեւանքով զոհեր կան զինծառայողների շրջանում, հաղորդվում է նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների մասին:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, իրավիճակի հետագա սրման դեպքում «անխուսափելի կլինեն բացասական հետեւանքները խաղաղ կարգավորման վրա»:

Հիշեցնենք, որ 2014թ. ադրբեջանական գործողությունների հետեւանքով երկու մահվան դեպք է գրանցվել հայկական զինված ուժերում։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կասեցնելիս զոհվել էր 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Կարեն Գալստյանը: