Այսօր` ապրիլի 16-ին ժամը 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է մարտի 1-ի զոհերից Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը, սակայն դատավոր Արմեն Խաչատրյանը նիստը հետաձգել մինչեւ ապրիլի 26-ը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդները դիմել են դատարան` պահանջելով վերացնել քննչական մարմինների, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայության անգործությունը, որոնք 2 տարվա ընթացքում իրենց որդիների սպանության մասով ոչինչ չեն բացահայտել: Նրանց պաշտպանների ներկայացմամբ, այդ անգործության հետեւանքով որեւէ դատական ատյան չի հաստատել, որ զոհերի կյանքի իրավունքը խախտվել է հենց պետության կողմից, ինչը պիտի հիմք լիներ համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար:

Այսօր դատարանում մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին հայտնել է, որ զոհերի իրավահաջորդների բողոքը անհիմն է եւ դատարանին փաստաթուղթ է ներկայացրել: Դատարանում էր նաեւ ՀՔԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Վահագն Հարությունյանը, ով կարծում է, որ «10 անձանց մահվան հանգամանքները բացահայտելու հիմնական խոչընդոտներից է դեպքերին ականատես վկաների բացակայությունը, ավելի ստույգ` այդ առնչությամբ ճշմարտացի ցուցմունքներ տալու ցանկության բացակայությունը»: Նա նաեւ նշել է, որ այս բողոքում ոչ մի առարկայական բան չկա, եւ այն անհիմն է:

Այնինչ զոհերի հազարատները համոզված են, որ եթե որեւէ մեկը փորձի ճշմարտությունը հայտնել իրավապահ մարմիններին, նրան աշխատանքից կազատեն կամ կստիպեն հրաժարվել իր ցուցմունքներից:

Հիշեցնենք, որ իրավապահներին հայտնի են առնվազն այն հատուկ միջոց օգտագործած 4 ոստիկանների անունները, որոնց գնդակներից սպանվել են 3 քաղաքացիներ, սակայն մինչ օրս նրանցից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին, նրանք շարունակում են աշխատել իրավապահ համակարգում եւ գուցե նոր սպանություններ կատարեն: