Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաեւ նոր տրամադրվածությամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը հայտարարել էր, թե վայր է դնում պատգամավորական մանդատը: Պողոսյանն այդ մասին գրել էր Facebook-ի իր էջում: «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել էր նա: