«Հյուսիս-հարավ» կառուցվելիք ավտոմայրուղու շինարարության իրականացման համար կհայտարարվի միջազգային բաց մրցույթ, որին ակնկալվում է նաեւ չինական ընկերությունների մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ ապրիլի 16-ին Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ հանդիպմանը:
Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, թե դեսպանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են քաղաքական եւ տնտեսական նորմալ հարաբերություններ, իսկ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լավ եզրեր: Դեսպան Թ.Չանչունի տեղեկացմամբ, ներկայումս Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործում են չինական երկու հայտնի ընկերություններ եւ հույս է հայտնել, որ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի կզարգանա:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է եւ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի ուղեւորափոխադրումների, այդ թվում՝ քաղաքային համայնքների տրանսպորտի զարգացման ռազմավարությունը, ինչը ենթադրում է, որ նոր ավտոբուսների շահագործման անհրաժեշտություն կառաջանա: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նախարարը դեսպանի հետ քննարկել է Չինաստանից ավտոբուսների եւ միկրոավտոբուսների լիզինգով ձեռք բերելու հնարավորությունները կամ դրանց արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հարցը:




























