Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի կողմից կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմավորվել է, որ արդարադատության մայոր, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանը, չունենալով անձանց աշխատանքի ընդունելու եւ այդ հարցում նրանց նպաստելու լիազորություններ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով՝ «Սեւան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնում նշանակվելու համար իրեն դիմած Քաղսի գյուղի բնակիչ Վ. Վիրաբյանին հավաստիացրել է, թե կարող է այդ հարցում նպաստել՝ պահանջելով 300 հազար դրամ գումար: 2009թ. մարտի սկզբին Վ. Եղիազարյանն իր աշխատասենյակում Վ. Վիրաբյանից ստացել է պահանջված գումարը:

Բացի այդ, ՔԿՀ-ի նույն բաժնում աշխատանքի ընդունվելու հարցում աջակցելու համար Վ. Եղիազարյանը Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանից եւս պահանջել եւ 2009թ. ապրիլի 21-ին իր աշխատասենյակում ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործն ուղարկվել է դատարան: