Հայաստանի ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը ապրիլի 15-ից շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Գործով նշանակվել եւ 2010թ. ապրիլի 15-ին անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին քննիչի թույլտվությամբ ներկա է գտնվել Վահան Խալաֆյանի ազգականը: Նշանակվել են դատահետքաբանական, մատնադրոշմային եւ մի քանի այլ փորձաքննություններ:

Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը: