Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը եւ Աշխարհի հայ նկարիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ հովանավորությամբ:
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պարտականություն ունի պատշաճ ձեւով կազմակերպելու Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Դրանք բազմաբովանդակ են. ներառում են դպրոցներում մեր աշակերտներին տեղեկատվություն տալուց մինչեւ միջազգային գիտաժողովներ, որտեղ քննարկվելու են Ցեղասպանության խնդիրները: Հասկանալի է, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված իրենց խոսքն ունեն արվեստագետները, մասնավորապես՝ նկարիչները: Մենք շատ երախտապարտ ենք, որ Աշխարհի հայ նկարիչների միությունն ակտիվ մասնակցություն ունեցավ այս ցուցահանդեսի կազմակերպմանը: Լիահույս ենք, որ այս ցուցահանդեսն իր նպատակին կծառայի` մեզ բոլորիս հիշեցնելու այդ ողբերգական օրերի մասին՝ նպատակ ունենալով ամեն ինչ անել, որ այն երբեւիցե չկրկնվի»,- նշել է վարչապետը՝ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ նկարիչներին: Այնուհետեւ կառավարության ղեկավարը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներով եւ ծանոթացել ներկայացված գործերին:
Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են աշխատանքներ տարբեր թանգարաններից եւ փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, կգործի ապրիլի 16-28-ը:




























