Ապրիլի 16-ին Գյումրիում Պատվի Բլրի բարեկարգման աշխատանքների քննարկման նպատակով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Մոսկվայից ժամանած ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Ֆարիտ Մուխամետշինը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության մամուլի քարտուղար Աշոտ Պողոսյանը, ներկաները, տեղում ծանոթանալով ընթացող շինարարությանը, բարձր են գնահատել կատարված աշխատանքները, փաստել կառույցի յուրօրինակությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաեւ կարեւորել ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Գյումրիում վերականգնվում է «Պատվի բլուր» կոչվող` 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան: Վերակառուցման ու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը եւ հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: Հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2010թ. մայիսին` ի պատիվ երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի: