Մոսկվայում կայացել է «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույն ներկայացում է ճանաչվել «Շուկշինի պատմվածքները»՝ Մոսկվայի Ազգերի թատրոնի մատուցմամբ: Լավագույն ներկայացումների դիտումն ընթանում էր երկու ամիս, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

Ինչպես հաղորդում է RBC-ն, դերասան Եվգենի Միրոնովը, որ խաղացել է «Շուկշինի պատմվածքներում», պարգեւատրվել է տղամարդու լավագույն դերի համար: Լավագույն կնոջ մրցանակը ստացել է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» դերասանուհի Պոլինա Կուտեպովան, որը խաղացել է Մոլլի Բլումի դերը «Ուլիս» ներկայացման մեջ:

Թատերաշրջանի լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Ստանիսլավսկու տան մոտ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Յուրի Պոգրեբնիչկոն՝ «Լյա էստրադա» ներկայացման համար:

«Ոսկե դիմակը» ազգային թատերական մրցանակ է, որ հիմնվել է 1994թ.: Այն հանձնում են բոլոր ժանրերի ներկայացումներին: