Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է յուրովի նշել ապրիլի 18-ը, որ ողջ աշխարհում նշվում է որպես «Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր»:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կապակցությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների եւ պատմամշակութային այլ վայրերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ:
Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն կարգի բերել ու բարեկարգել հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը, այլեւ կոչված է զինծառայողներին ծանոթացնելու մեր հայրենիքի պատմամշակութային մեծարժեք ճարտարապետական հուշարձաններին, օժանդակելու զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Միջոցառման շրջանակներում ապրիլի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելելու է Օղակաձեւ զբոսայգի` տեղում հետեւելու Վարդան Մամիկոնյան արձանի եւ Սբ Գր. Լուսավորիչ եկեղեցու շրջակայքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին:




























