Ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ՝ Մարիա Կաչինսկու, Լեհաստանի պետական այրերի եւ եկեղեցականների:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողության ավարտին ներկաներին իր խոսքով դիմել է Գարեգին Բ կաթողիկոսը` իր ցավակցությունն հայտնելով լեհ ժողովրդին ու Լեհաստանի իշխանություններին: Հոգեհանգստյան պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի լեհ համայնքի անդամներ:
Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսը նաեւ ցավակցական գիր էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն:
Հիշեցնենք, որ լեհական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ: Վթարի արդյունքում զոհվել էին 96 հոգի` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը, ռազմական եւ քաղաքական գործիչներ:




























