Բոլորն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալ, այդ թվում եւ՝ Իրանը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ելույթ ունենալով Թեհրանում ընթացող միջազգային համաժողովին:

Այդ համաժողովի միջոցով Թեհրանը, ըստ նրա, կշարունակի պայքարը եվրոպական եւ արեւմտյան երկրների դեմ, որոնք հանդես են գալիս խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալու Իրանի իրավունքի դեմ, հաղորդում է Irna գործակալությունը:

«Թող ԱՄՆ-ը իմանա, որ ատոմային ռումբի ժամանակն անցել է: Մարդիկ խաղաղություն եւ հանգստություն են ցանկանում: Բոլորն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալ, այդ թվում եւ՝ Իրանը: Մենք կշարունակենք մեր գործունեությունը, որ հասնենք այդ նպատակին»,- ասել է Իրանի նախագահը:

Ահմադինեջադը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը, որն այսօր հանդես է գալիս ատոմային զենքի դեմ, առաջին երկիրն էր, որ ատոմային զենք օգտագործեց Ճապոնիայի դեմ:

Ներկայումս աշխարհում 20 հազար ատոմային մարտագլխիկ կա, որոնց կեսը գտնվում է Միացյալ Նահանգներում:

«Ես նրանց խորհուրդ կտայի խոսել Աֆղանստանում եւ Իրաքում զանգվածային սպանությունների մասին»,- ընգդծել է Իրանի առաջնորդը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են մոտ 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից: