Հայ ազգի մեծերն այնքան են կարեւորել Սահմանադրությունը, որ նույնիսկ պետականության բացակայության ժամանակաշրջանում մշակել են այդ հիմնարար փաստաթուղթը: Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընթացող Հայաստանի Սահմանադրության 15-ամյակին նվիրված գիտագործնակա խորհրդաժողովի ընթացքում:

Ըստ Սահակյանի` Այն հանգամանքը, որ խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Սահմանադրական դատարանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը եւ Գերագույն դատարանը, ինչպես նաեւ Հայ իրավաբանների միջազգային ընկերակցությունը, արդեն իսկ վկայում է այս միջոցառման նշանակության մասին: «Կարեւոր է նաեւ, որ խորհրդաժողովը տեղի է ունենում հենց Արցախում, ինչն ունի եւ գիտական, եւ քաղաքական նշանակություն:

Թե Հայաստանում եւ թե Արցախում սահմանադրականության զարգացումը դիտվում է որպես հայոց անկախ պետականության զորացման, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Արցախի նախագահը եւ արձանագրել. «Մեր ազգի մեծերն այնքան են կարեւորել Սահմանադրությունը, որ նույնիսկ պետականության բացակայության ժամանակաշրջանում մշակել են հիմնարար այդ փաստաթուղթը: Հիմա, երբ ունենք ե՛ւ անկախ պետականություն, ե՛ւ մայր օրենքներ, պետք է լուծենք որակապես այլ բնույթի խնդիրներ: Անհրաժեշտ է շարունակել սահմանադրականության եւ հայ իրավական մտքի զարգացումը, առաջատար երկրների փորձի ուսումնասիրումը, ներքին օրենսդրական բազայի կատարելագործումը: Սա հանդիսանում է ժողովրդավարական եւ իրավական պետության հիմքերից մեկը, որոնք մեզ համար բացառիկ արժեքներ են: Արցախի համար դա նաեւ իր անկախության միջազգային ճանաչման կարեւոր ուղություններից է»:

Բակո Սահակյանի կարծիքով, «այս գործընթացը պահանջում է բարձր արհեստավարժություն, սկզբունքայնություն, ազնվություն եւ ամենօրյա քրտնաջան աշխատանք»:

«Առանձնակի կարեւորություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունը: Հայկական հզոր Սփյուռքի ներուժի օգտագործումը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետորեն լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները` ուսումնասիրելով եւ կիրառելով այլ պետությունների փորձը»,- նշել է նախագահը եւ հավելել. «Այս տեսանկյունից „Սահմանադրականության զարգացման արդի հիմնախնդիրները“ թեմայով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված գիտագործնական խորհրդաժողովը, որը կազմակերպված է բարձր ներկայացուցչական մակարդակով` պետական իշխանության մարմինների, գիտական եւ քաղաքական շրջանակների մասնակցությամբ, ստանում է յուրահատուկ կարեւորություն»: