Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ ավիահաղորդակցությունը փակ է մնում։ Արդեն երրորդ օրն է՝ Հայկական ավիաուղիները չեղյալ են հայտարարել դեպի Եվրոպա կատարվող թռիչքները։
Ինչպես NEWS.am –ի թղթակցին հայտարարել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ընկերությունն այժմ չվերթեր կատարում է միայն ԱՊՀ երկրների ուղղությամբ։ Նրա խոսքով, չեղյալ են համարվել այսօրվա Երեւան-Ցյուրիխ-Երեւան, Երեւան-Ամստերդամ-Երեւան եւ Երեւան-Օդեսա-Երեւան չվերթերը։ Նախօրեին չեղյալ էր հայտարարվել դեպի Փարիզ ավիաչվերթը։ Ինչ վերաբերում է վաղվա Երեւան-Պրահա-Երեւան չվերթին, ապա այդ մասին, Ավետիսյանի խոսքով, կոնկրետ որոշում չի ընդունվել։
Նշենք, որ հրաբխի պատճառով չի իրականացվում դեպի Լոնդոն եւ հակառակ ուղղությամբ չվերթը։
Հիշեցնենք, որ Ռեյկյավիկից 200 կմ արեւելք հրաբուխը ժայթքել էր ապրիլի 14-ին։ Վերջին երկու օրերի ընթացքում Եվրոպայի ավելի քան տասը երկիր հրաբխի պատճառով փակել են օդային տարածքը։ Համաձայն մասնագետների տվյալների՝ մոխրի արտանետումները վտանգ են ներկայացնում օդանավերի տուրբինների համար եւ ինքնաթիռների թեւերին նստելով՝ կարող են խնդիրներ առաջացնել։




























