«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ ՕԵԿ-ը Երեւանի քաղաքապետի ընտրություններում պարտություն է կրել ընտրողների պասիվ մասնակցության, բայց ոչ երբեք ընդդիմադիր դաշտը լքելու պատճառով:

Ըստ Մարգարյանի՝ ՕԵԿ-ն այդ ֆորմատով առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին, եւ որոշակի թերություններ է ունեցել կազմակերպչական, քարոզարշավի անցկացման հարցերում: «Անկեղծ ասած, մենք նախընտրական պրոցեսում կազմակերպչական, քարոզչական աշխատանքի հետ կապված ոչ ճիշտ մոտեցումներ դրսեւորեցինք, քանի որ առաջին անգամ էինք այդ ֆորմատով ընտրությունների մասնակցում: Եղան նաեւ թերություններ: Մենք այդ ամենը քննարկելու, վերլուծելու ենք ու առաջիկա ընտրություններին լինելու ենք ավելի ուշադիր»,- ասաց Մարգարյանը, ավելին, հավելեց, թե Երեւանը Հայաստանի Հանրապետությունը չէ, իսկ ՕԵԿ-ը միշտ էլ վայելում է ժողովրդի վստահությունը:

Ի դեպ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, թե միայն Երեւանում ՕԵԿ-ը 20 հազար կուսակցական ունի, իսկ դրանից մեկ շաբաթ անց եւս հազար հոգի, ըստ ՕԵԿ ներկայացուցիչների, անդամագրվել են կուսակցությանը: Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՕԵԿ-ն ուղիղ 21 հազար ձայն էր ստացել: Ստացվում է, որ ՕԵԿ-ականների մտերիմներն ու ընտանիքի անդամները կուսակցությանը ձայն չեն տվել, կամ իշխանությունները ՕԵԿ-ի քվեները դրել են այլ կուսակցությունների տրցակների վրա, կամ էլ ՕԵԿ փոխնախագահը, մեղմ ասած, խեղաթյուրել է փաստերը: NEWS.am-ի թղթակցի այս դիտարկմանը Հովհաննես Մարգարյանը պատասխանեց… Բայց դժվար թե դա կարելի է պատասխան համարել: Մարգարյանը նախ միանշանակ հերքեց իրենց քվեների գողացման հնարավորությունը: «Տիկին Բիշարյանը երբեք որեւէ բան չի կեղծում: Ընդամենը ասեմ, որ միգուցե եղած լինի կուսակցական, որ տարբեր պատճառներով ընտրությանը չի մասնակցել; Ուղղակի ինձ միշտ մտահոգել է փաստը, թե ինչու նման անտարբերություն եղավ ընտրությունների նկատմամբ»: «Դա եղել է մեր թիմի որոշումը, եւ այն 300 հազար ընտրողները… Կլինի ընտրություն, եւ կտեսնեք»,- ասաց Մարգարյանը:

Ավելացնենք, որ պատճառն ավելի քան պարզ է, ՕԵԿ-ը խայտառակ կեպով լքեց ընդդիմադիր դաշտը եւ գործարքի գնաց իշխանությունների հետ: