Ճապոնիայում վերջին 13 տարում տեղացած ամենաառատ ձյան հետեւանքով երեք մարդ զոհվել, 400-ից ավելին տուժել են, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Գործակալության տվյալով՝ միջադեպերի թիվը, որոնց մեծ մասը սառած ճանապարհների հետեւանք են, արդեն գերազանցել է 1200-ը, սակայն ոչ բոլորն են շտապում դիմել բուժօգնության։
Նախկինի նման ամենաշատ տուժածները Կանագավա նահանգում են՝ 50 մարդ: Ձյունը շարունակում է տեղալ մայրաքաղաքային բոլոր 23 շրջաններում եւ հարակից տարածքներում: Ըստ Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչության՝ ձյունը կտեղա մինչեւ կիրակի օրը, իսկ ձյան տեղումների մակարդակը կարող է հասնել մինչեւ 50 սմ: Ճապոնիայի մայրաքաղաքում ձյան մակերեւույթն արդեն հասել է 13 սմ՝ գերազանցելով 2001թ. նախորդ ռեկորդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եղանակային վատ պայմանների կապակցությամբ նկատվում է բազմաթիվ գնացքների, ավտոբուսների եւ ավիաչվերթների ձգձգում, իսկ Ճապոնիայի առաջատար All Nippon Airways, ANA ավիաօպերատորը հարկադրաբար ժամանակավորապես դադարեցրել է բոլոր ներքին չվերթները: Ընդհանուր առմամբ չեղյալ է հայտարարվել տարբեր ավիաընկերությունների 700 չվերթ:




























